ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են մինչեւ տարեվերջ կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Երեւանում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նրա խոսքով, բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելը կլինի քննարկվող կետերից մեկը՝ իրենց Երեւան եւ Բաքու այցելության  ժամանակ:

«Որքան ինձ հայտնի է, դեկտեմբերի սկզբին Հայաստանում տեղի կունենա հանրաքվե, հետեւաբար հանդիպումը, ելնելով նախագահների գրաֆիկից, հնարավոր է կազմակերպվի հանրաքվեից հետո, բայց մինչեւ տարեվերջ»,-ընդգծել է Ուորլիքը:

Նրա խոսքով, մինչ այդ պետք է ինտենսիվացնել բանակցային գործընթացը նախագահներից ցածր մակարդակում: Դա կարող է լինել հանձնաժողով կամ աշխատանքային խումբ, անհրաժեշտ են նաեւ ժողովրդական դիվանագիտության նախագծեր, որոնց համանախագահները եւս պատրաստ են աջակցել: