Երեւանում հոկտեմբերի 25-ին ուշ երեկոյան հնչած կրակոցների եւ վիրավորված 4 քաղաքացիների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

NEWS.am-ին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածով:

Նշենք, որ ըստ ոստիկանության՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-ամյա  Վահագ Գ.-ն: Ըստ հիվանդի հայտարարության` «Մետաքսի» մոտ ստացել է հրազենային վնասվածք:

Հոկտեմբերի 26-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Հրազենային կրակոց՝ փափուկ հյուսվածքների վնասումով աջ ազդրի շրջանում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-ամյա Վլադիմիր Գ.-ն: Ըստ հիվանդի հայտարարության վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ Խորենացու փողոցում:

Հոկտեմբերի 26-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Հրազենային կրակոց աջ ազդրի նստաներվի վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-ամյա  Արման Ա.-ն: Ըստ հիվանդի հայտարարության վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ Խորենացու փողոցում:

Նույն օրը, ժամը 03.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1984 թ. ծնված Արման Ս.-ն: Ըստ հիվանդի հայտարարության վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ «Մետաքսի» մոտ:

Ըստ բժշկի տեղեկանքի` Վահագ Գ.-ն, Վլադիմիր Գ.-ն, Արման Ա.-ն եւ Արման Ս.-ն ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ վիրավորներից երեքը գտնվում են «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում: Նրանց վիճակը բավարար է: