ԵԱՀԿ Մինսկի խումբը գործող միջոցներ չունի ղարաբաղյան հակամարտության կողմերի՝ հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկման համար։ Այս մասին հոկտեմբերի 26-ին Երեւանում ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է նա կարծում կոնգրեսականներ Ռոյսի եւ Էնգելի՝ հակամարտության կողմերի միջեւ հավասարության նշան դնելու կոչին՝ անկախ այն բանից, թե ով է հրադադարի ռեժիմի խախտողը, միջնորդը նշել է, որ դեռեւս պաշտոնական նամակ չի ստացել, բայց տեղյակ է դրա բովանդակությունից։
Նրա խոսքով՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու գաղափարն արդեն մի քանի տարի քննարկվում է։ Այդ ենթատեքստում Ուորլիքը նշեց, որ «Բաքուն չի մերժել այդ առաջարկը»։ Այդ կապակցությամբ հայ լրագրողները միջնորդին հիշեցրին, որ հենց ադրբեջանական կողմի մերժման պատճառով այդ նախաձեռնությունը կյանքի չկոչվեց։ Դրան ի պատասխան՝ Ուորլիքը պարզաբանեց, որ մի քանի տարի առաջ նախագահ Ալիեւը հայտարարել էր, որ «Ադրբեջանը բաց է քննարկումների համար»։
«Միջադեպերի հետաքննության մեխանիզմները կարող են օգնել հարաբերությունների կարգավորմանը։ Ես ժողովուրդներին ուղղված մեսիջ ունեմ՝ կարծում եմ՝ նրանք հոգնել են բռնությունից եւ զոհերից։ Բավակա՛ն է։ Ժամանակն է խաղաղության»,- ասել է Ջեյմս Ուորլիքը եւ հավելել, որ հեշտ չի լինի, բայց կարող է ավելի վատ լինել։
Հարցին, թե ժամանակին ամերիկյան կողմը տարածաշրջանում հետախուզական տեղեկություններ էր հավաքում, եւ արբանյակների այս դարում առնվազն վիրավորական է մտածել, թե ԱՄՆ-ը տեղյակ չէ գոնե խոշոր խախտումների մասին, Ուորլիքը պատասխանեց, որ քննարկվում են ոչ թե ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի հնարավորությունները, այլ հարգանքը հրադադարի ռեժիմի հանդեպ։ Նրա խոսքով, եթե տեղեկություններ կան այն մասին, որ կողմերից ինչ-որ մեկը խախտել է հրադադարի ռեժիմը, դա պետք է ստուգվի եւ հավուր պատշաճի օգտագործվի։ «Եթե կողմերը կարողանան առաջընթաց գրանցել համապարփակ լուծման ձեռքբերման հարցում, դա կլինի հօգուտ երկու ժողովուրդների»,- նշել է Ուորլիքը։





























