ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ սադրանքներից: 

Հոկտեմբերի 26-ին Երեւանում միջնորդը հայտարարել է, որ  տարածաշրջան իր այցից հետո համանախագահները կհանդիպեն Հայաստանի ե Ադրբեջանի նախագահների, արտգործնախարարների հետ, կայցելեն Ղարաբաղ: Ուորլիքը մտահոգություն է հայտնել, որ կողմերը գործի են դնում ծանր սպառազինություն, նռնականետներ, հրետանի: «Դա հանգեցնում է լարվածության աճի եւ խաղաղ քաղաքացիների մահվան», - հայտարարել է Ուոլրիքը՝ հավելելով, որ Երեւանում եւ Բաքվում համանախագահները կոչ կանեն պահպանել հրադադարի ռեժիմը, կքննարկեն համընդգրկուն կարգավորման հարցեր եւ կնախապատրաստեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: 

Համանախագահն առանձնահատուկ ընդգծել է ժողովուրդների միջեւ վստահության ձեւավորման կարեւորությունը, եւ ասել, որ համանախագահները պատրաստ են աշխատել այդ ուղղությամբ: 

Պատասխանելով հարցին, թե ինքն ադրբեջանամետ հայտարարություն է արել՝ ասելով, թե Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը պատերազմի պատճառ կդառնա՝ այդպիսով  պատերազմի ամբողջ պատասխանատվությունը դնելով Հայաստանի վրա, Ուորլիքը ճշտել է, որ ինքն ասել է, թե Բաքվում կարող են դա որպես սադրանք ընկալել, ինչն իր հերթին կհանգեցնի լարվածության մեծացման: «Մեր այցի նպատակը լարվածության նվազմանը նպաստելն է: Կողմերը պիտի սադրանքների չդիմեն», - ասել է Ուորլիքը:

Նրա խոսքով, հակամարտության կողմերը պիտի պարտավորվեն ծանր սպառազինություն չօգտագործել, որովհետեւ դա լարվածության աճի ռիսկ է պարունակում: «Չեմ կարծում, թե կողմերից որեւէ մեկը ցանկանում է, որ հակամարտությունն ընդլայնվի», - նշել է համանախագահը: