Ինդոնեզիայում անտառային հրդեհների հետեւանքները զգացվում են Երկիր մոլորակի խոշորագույն արշիպելագի տարածքի արդեն 75 տոկոսի վրա։ Այս մասին երկուշաբթի գրում է Jakarta Globe թերթը՝ վկայակոչելով Օդերեւութաբանության, կլիմայագիտության եւ գեոֆիզիկայի ազգային վարչության տվյալները։

«Ինդոնեզիայի տարածքի ¾-ը, այդ թվում՝ մայրաքաղաք Ջակարտան, պատված են հրդեհներից առաջացած ծխի ամպով»,- գրում է թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ներկայումս ծուխը չի զգացվում միայն Ճավա կղզու կենտրոնական հատվածում, Արեւելյան Նուսա Տենգարա նահանգում եւ Նոր Գվինեա կղզու ինդոնեզիական հատվածի հյուսիսում։