Բրյուսելում մեկնարկել է «Բելգիայի սայենթոլոգիայի եկեղեցու», «Եվրոպայի սայենթոլոգիայի եկեղեցու» եւ այս կրոնական կազմակերպությունների եւս 11 անդամների դեմ սկսված դատական գործընթացը։

Le Soir թերթի տվյալներով՝ սայենթոլոգիական եկեղեցու  դեմ հարուցված ամենախոշոր դատական գործի ֆիգուրանտները մեղադրվում են հանցավոր դավադրության, խարդախության եւ դրամաշորթության, ապօրինի բժշկական գործունեություն ծավալելու եւ անձնական կյանքի  մասին օրենքը խախտելու մեջ։

Կրոնական կազմակերպության անդամների գործունեության հետաքննությունը շարունակվում է 1997թ.-ից։ Եթե դատարանը նրանց մեղավոր ճանաչի, սայենթոլոգիական եկեղեցին կարող է Բելգիայում օրենքից դուրս հայտարարվել։

Սայենթոլոգիան կրոնափիլիսոփայական ուսմունք է, որը 20-րդ դարի 50-ական թթ. հիմնել է ֆանտաստ գրող Լաֆայետ Ռոն Հաբարդը։ Այն ԱՄՆ-ում եւ մի շարք այլ երկրներում պաշտոնական կրոնի կարգավիճակ ունի։