Ծագումով հայ իսրայելցի զինծառայող Արիկ Մարտոյանի գործով ներկայացուցիչ, պաշտոնաթող գնդապետ, փաստաբան Էյալ Փալթեքը Իսրայելում հայկական մամուլի անկախ փորձագետ Մենդել Կորսունսկուն հարցազրույց է տվել հատուկ NEWS.am-ի համար։ Հիշեցնենք, որ Արիկ Մարտոյանը դասալքության կասկածանքով ձերբակալվել էր Հայաստանում։ Միջադեպն այժմ լուծվել է։

Պարո՛ն Փալթեք, պատմե՛ք խնդրում եմ այս գործի հետ առնչվող բոլոր իրադարձությունների մասին։

Արիկը իր պատմական հայրենիք՝ Հայաստան էր ժամանել այս տարվա սեպտեմբերի 25-ին։

Նրան անմիջապես հայտնել էին, որ ինքը չի կարող լքել երկիրը, քանի որ Հայաստանի քաղաքացի է եւ պարտավոր է պարտադիր ժամկետային ծառայություն անցնել։ Նա անմիջապես կապվել էր Իսրայելի ԱԳՆ-ի եւ Թբիլիսիում Իսրայելի հյուպատոսի հետ։ 1,5 ամսվա ընթացքում Իսրայելի ԱԳՆ-ն ոչ մի կոնկրետ պատասխան չէր տալիս, բացի նրանից, որ իրենք զբաղվում են այդ հարցով։ Ընտանիքը դիմեց ինձ հոկտեմբերի 8-ին, եւ ես անմիջապես կապվեցի ԱԳՆ-ի հետ եւ դիմեցի Վրաստանում Իսրայելի հյուպատոսին, ումից իմացա, որ նրա հրաման է ստացել չխոսել ինձ հետ։

Դրանից հետո ես դիմեցի արտասահմանում իսրայելցիների բաժնի ղեկավար տիկին Յայել Զիվին եւ ստացա նույն պատասխանը, ինչ հյուպատոսից։ Իմիջիայլոց, նշեմ, որ ԱԳՆ պաշտոնական պատասխանը ես մինչեւ հիմա չեմ ստացել։ Նրանց դիմելուց բացի, ես կապվել եմ Քնեսեթի բոլոր անդամների հետ, եւ միայն մեկը՝ Օրեն Հազենը, պատրաստակամություն հայտնեց օգնել։ Արդյունքում ես կարողացա դիմել Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք տեղյակ չէին միջադեպի մասին։ Իմ դիմումից հետո խնդիրը լուծվեց 48 ժամվա ընթացքում։

Հայաստանի ոչ այնքան բարեկամ երկրներից մեկը ապատեղեկատվություն էր տարածել Արիկին «ազատագրելու» համար Իսրայելի հատուկ նշանակության ստորաբաժանումների իրականացրած «հատուկ գործողությունների» մասին։ Ուրախ կլինեմ լսել ձեր արձագանքն այդ կապակցությամբ։

Այդ հրապարակումները ոչ այլ ինչ են, եթե ոչ մեծ սուտ։ Իսրայելի բանակը, էլ չասած Իսրայելի հատուկ նշանակության ստորաբաժանումները, տեղյակ չեն եղել միջադեպի մասին։ Ոչ մի իսրայելական զորամաս չի մոբիլիզացվել նման գործողություն իրականացնելու համար։ Այդ հրապարակումները որոշ մարդկանց հիվանդ երեւակայության արդյունքն են, որի նպատակը երկու երկրների միջեւ հարաբերությունները փչացնելն է։ Ավելին՝ այն ամենը, ինչ կատարվել է, Իսրայելի ԱԳՆ-ի սխալ եւ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետեւանք է, քանի որ ԱԳՆ-ն անհրաժեշտ չէր համարել դիմել Հայաստանի իշխանություններին։ Թեպետ հենց հանրապետության ղեկավարությունը իմ դիմումից 48 ժամ անց լուծեց խնդիրը։

Իսրայելական մամուլի  որոշ հրապարակումներում ասվում է կաշառքի մասին, որը իբր թե տվել են Հայաստանի պաշտոնական անձանց՝ խնդիրը նման արագ տեմպերով լուծելու  համար։

Ես միանշանակ հայտարարում եմ, որ ոչ մի կաշառքի  մասին խոսք չի գնում։ Գումար չեն առաջարկել, եւ ոչ ոք չի էլ խնդրել։ Ես անձամբ՝ որպես փաստաբան, աշխատել եմ անհատույց, երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման եւ իհարկե Արիկի եւ նրա ընտանիքի համար։

Ի՞նչ եք կարծում, Իսրայելի կառավարությունը կամ այլ պաշտոնական մարմինները որեւէ էական բան արե՞լ է զինվորին հայրենիք վերադարձնելու համար։

Ցավոք, ամեն բան եղել է ճիշտ հակառակը։ Աշխատանքը տարվել է ծայրաստիճան ոչ պրոֆեսիոնալ կերպով։ Ինչպես ես ասացի, եթե երկրի կառավարությունը պաշտոնապես դիմեր Հայաստանի կառավարությանը, իսկ նրանք պատրաստ էին օգնել խնդրի լուծմանը, ապա այդ դեպքում ամեն բան կլուծվեր շատ ավելի արագ։

Պարո՛ն Փալթեք, որպես ամփոփում, կա՞ որեւէ բան, որ կցանկանայիք հավելել։

Ես հույս ունեմ, որ բոլոր պաշտոնատար անձինք եզրակացություններ կանեն՝ ապագայում նման բնույթի խնդիրները կանխելու եւ առավել պրոֆեսիոնալ լուծելու համար։ Ինչպես նաեւ ես ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից իսրայելական մամուլում նման սխալ եւ տգեղ հրապարակումների համար։ Հուսամ, որ, ելնելով մեր ժողովուրդների ողբերգական պատմությունից, մեր երկրների հարաբերություններում բարելավման միտում կսկսվի։