Իմ կառավարությունն, այդուհանդերձ, պարզորոշ հայտարարում է Ռուսաստանի հետ պատասխանատու եւ իրատեսական հարաբերությունների անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հայտարարելով, որ Ռուսաստանի հետ երկխոսությունն այլընտրանք չունի:

«Իմ կառավարությունը այդուհանդերձ ոչ երկիմաստորեն հայտարարում է Ռուսաստանի հետ պատասխանատու ու իրատեսական հարաբերությունների անհրաժեշտության մասին: Այդ նպատակով մենք որոշակի քայլեր ենք ձեռնարկել առեւտրին, տրանսպորտային հաղորդակցությանը, մարդկանց շփումներին ու զբոսաշրջությանն աջակցելու ուղղությամբ: Այդ երկխոսությունն այլընտրանք չունի»,- հայտարարել է Ղարիբաշվիլին Թբիլիսիում Հարավային Կովկասի անվանգության հարցերով երրորդ ֆորումի ժամանակ իր ելույթի ընթացքում:

Նրա խոսքով, «Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն կարող կարգավորվել Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հաշվին»:

Վրաստանը խզել է ՌԴ հետ դիվանագիտական հարաբերությունները՝ ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը 2008 թ. օգոստոսին՝ Ցխինվալի դեմ Թբիլիսիի զինված ագրեսիայից հետո: Թբիլիսին իր նախկին ինքնավարությունները գրավյալ տարածքներ է համարում: Ռուսաստանի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ երկու նախկին վրացական ինքնավարությունների անկախության ճանաչումն արտացոլում է առկա իրողությունները ու վերանայման ենթակա չէ: Վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչները, որոնք իշխանության էին եկել 2012 թ. հոկտեմբերի ընտրությունների արդյունքներով, արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկն են հռչակել ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումը, հայտնում է  Sputnik Վրաստանը:

Տվյալ պահին Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ երկխոսությունը զարգանում է՝ ժնեւյան քննարկումների ու Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի ու ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինի՝ Պրահայում անցնող կանոնավոր հանդիպումների շրջանակում: Հանդիպումների ձեւաչափը չի նախատեսում քաղաքական հարցերի քննարկում, դրանց ընթացքում լուծվում են առեւտրի, տրանսպորտային հաղորդակցության, մշակութային հումանիտար համագործակցության որոշակի խնդիրներ: Երկու երկրների ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա նոյեմբերի կեսերին: