Անցյալ գիշեր Կենտրոնական Հնդկաստանի Չհաթթիսգարհ նահանգում մաոիստների երկու գրոհի հետեւանքով մի զինվորական սպանվել է, երկուսը՝ վիրավորվել, այրվել է զինտեխնիկայի 37 միավոր: Այդ մասին երկուշաբթի օրը տեղեկացրել է նահանգի ոստիկանությունը:
Սուկմայի շրջանում մոտ մեկ տասնյակ մաոիստներ հարձակվել են զինվորական պարեկախմբի վրա, փոխհրաձգության արդյունքում մի զինվորական է զոհվել, երկուսը վիրավորվել են: Բիջապուրի շրջանում, որտեղ ճանապարհաշինարարական աշխատանքներ են կատարվում, զինված մաոիստները ներխուժել են աշխատավորների ճամբար եւ այրել շինարարական տեխնիկայի 37 միավոր՝ բեռնատարներ, ինքնաբեռնաթափ մեքենաներ, էքսկավատորներ, տրակտորներ, բետոնխառնիչներ: Ոստիկանությունը «Հետապնդում» օպերացիա է հայտարարել եւ օղակել է դեպքի վայրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Մաոիստ գրոհայինները, որոնց Հնդկաստանում նաեւ նաքսալիթներ են կոչում, թաքնվում են այսպես կոչված կարմիր գոտու նահանգների՝ Բիհարի, Չհաթթիսգարհի, Ջակարհենդի, Օրիսայի, Մահարաշտրայի արեւելյան հատվածի ջունգլիներում: Նրանք իսկական պարտիզանական պայքար են մղում կառավարության դեմ, դուրս են գալիս գյուղից, հարձակվում պաշտոնյանների եւ օրինապահ մարմինների վրա:





























