Հայաստանի ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հեռախոսը գաղտնալսում են: Այդ մասին Բիշարյան ինքն է հայտարարել ԱԺ-ում, այսօր՝ հոկտեմբերի 26-ի նիստի ընթացքում՝ դիմելով հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:
«Մարդու իրավունքների խախտումները շատ ավելի հաճախ են կատարվում, քան կարող է թվալ: Մեր հեռախոսները գաղտնալսվում են: Օրինակ իմը գաղտնալսվում է: Պաշտոնապես հայտարարում եմ այդ մասին»,- ասել է Բիշարյանը:
Ի պատասխան՝ Անդրեասյանը շեշտել է, որ եթե Բիշարյանը կամենա՝ նրա հայտարարությունը կարող է ընդունվել որպես իրավունքների խախտման մասին տեղեկություն: «Այդ դեպքում խոստանում եմ, որ անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկենք ձեր գործը քննելու համար»,- հավելել է մարդու իրավունքների պաշտպանը:





























