Կրեմլը ցավում է, որ Լոնդոնը հրաժարվում է որեւէ երկխոսությունից եւ հայտարարում է, որ շփումների վերսկսման առումով «գնդակը բրիտանական գործընկերների դաշտում է»: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե քաղաքական երկխոսությունը սառած վիճակում է, եւ Ռուսաստանը չէ այդ սառեցման նախաձեռնողը», - ասել է նա:
Նրա խոսքով, Մոսկվան համարում է, որ «մեր առջեւ կանգնած մարտահրավերներին, այն է՝ ահաբեկչությանը, անդրսահմանային հանցագործություններին դիմակայելու համար անհրաժեշտ է համագործակցել եւ դա երկկողմ փոխգործակցություն է պահանջում»:
«Սակայն Մեծ Բրիտանիան արդեն բավականին վաղուց հրաժարվել է որեւէ շփումից եւ սառեցրել է քաղաքական երկխոսությունը: Մենք ցավում ենք այդ կապակցությամբ», - արձանագրել է Կրեմլի ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա հիշեցրել է, որ «Ռուսաստանը բոլոր մակարդակներում հայտարարել է բոլոր երկրների հետ իրավահավասար եւ փոխշահավետ հարաբերություններ զարգացնելու իր հետաքրքրության մասին… Բայց այս պահին գնդակը մեր բրիտանացի գործընկերների դաշտում է»:





























