Իշխանությունների «Այո»-ի շտաբի կազմը վկայում է, որ Սերժ Սարգսյանը ձգտում է հնարավորինս շուտ ներդնել միակուսակցական քրեապետության մոդելը: Այս մասին հայտարարություն է տարածել Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի

«Ընդդիմության միասնական շտաբը»:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Սերժ Սարգսյանը ձգտում է հնարավորինս շուտ ներդնել միակուսակցական քրեապետության մոդելը, քանի որ ստիպված է իր վերարտադրությունն ապահովել սոցիալական բնույթի նախապայթյունային իրավիճակի, տնտեսության նախափլուզումային վիճակի, արտաքին սպառնալիքներին դիմագրավելու անկարողության, պետական կառավարման համակարգի ներքին ճաքճքվածության եւ անձամբ իր ու մերձավոր շրջապատի նկատմամբ համատարած ատելության պայմաններում:

Այս մասին են վկայում «Այո»-ի շտաբի կազմը, իսկ մինչ այդ՝ սահմանադրական դատարանի նախագահին նոր սահմանադրության նախագծի մշակման հանձնաժողովի նախագահ նշանակելու հանգամանքը:

Կառավարելիությունը կորցնելու վտանգը նրան հարկադրում է այդ մոդելի սահմանադրաիրվական ամրագրման եւ ներդրման համար անհրաժեշտ հետեւյալ երկու հիմնական նախադրյալներն ապահովել համալիր կերպով:

1. Ապահովել հանրաքվեի դրական արդյունքը:

Այս նպատակով Ս. Սարգսյանը մոբիլիզացրել է իր նեղ շրջանակի քիչ թե շատ վստահելի կամ գոնե վերահսկելի այնպիսի անձանց, ովքեր կարող են իրենց պաշտոնեական եւ/կամ ներկլանային կարգավիճակի շնորհիվ վարչական, տնտեսական եւ քրեական բնույթի որոշիչ ազդեցություն գործադրել այդ ոլորտների ներկայացուցիչների վրա:

Միեւնույն ժամանակ՝ «Այո»-ի շտաբի ղեկավար կազմը ոչ միայն փաստում է համակարգի ներսում լուրջ ճաքերի եւ անվստահության մթնոլորտի մասին, այլեւ ցույց է տալիս, որ հանրաքվեի դրական արդյունքն ապահովելու հարցում Ս. Սարգսյանը հիմնականում ապավինում է վարչական ու քրեաօլիգարխիկ ռեսուրսին եւ կեղծարարությանը, իսկ իրավիճակի անցանկալի զարգացման դեպքում՝ նաեւ բռնությանը:

Որեւէ այլ վարկածի մասին չի կարող հուշել այդ շտաբը վարչապետի մակարդակի կառավարման լծակների տիրապետող, քրեաօլիգարխիկ մեծ ազդեցություն ունեցող եւ կեղծարարության բարձրակարգ վարպետ Հովիկ Աբրահամյանով, քրեական օլիգարխիայի շրջանում արբիտրի կարգավիճակ ունեցող Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանով, ինչպես նաեւ դրանց կողքին՝ Ս. Սարգսյանի անմիջական ենթակայությամբ գործող պետական եւ կուսակցական հսկողական ու վերահսկողական լիազորություններ ունեցող պաշտոնյաներով (Ս. Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյան, Ս. Սարգսյանի վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան) համալրելը: Իսկ բռնության սցենարի պարագայում ուժային համակարգի հետ գործողությունների համադրումը կարող է ապահովել տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնն զբաղեցնող Արմեն Երիցյանը՝ որպես նախկին բարձրաստիճան ոստիկան եւ Մարտի 1-ի «հրամկազմի» փորձառու անդամ:

2. Փորձարկել միակուսակցական քրեապետության մոդելը:

Ս. Սարգսյանը «սահմանադրաիրավական» կարգավիճակ ձեռք բերող այս մոդելի փորձարկումը ձգտում է ապահովել բոլոր հնարավոր առումներով:

Առաջինը եւ գլխավորը դեռեւս չնդունված, բայց արդեն ֆիկտիվ կամ, ավելի ստույգ՝ հակասահմանադրական նոր «սահմանադրությամբ» ամրագրվող հասարակական գիտակցության եւ հարաբերությունների համակարգի ներդրման փորձն է: Դրա մասին են վկայում սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավումը սահմանադրության նախագծի մշակման եւ ցանկալի արդյունքով դրա ընդունման հանրաքվեի անցկացման գործընթացում, ինչպես նաեւ այդ ներգրավումը գործող Սահմանադրությանը, օրենքներին եւ առհասարակ՝ իրավունքի սկզբունքներին հակառակ պաշտոնական մեկնաբանություններով «հիմնավորելու» դեպքերը: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնն զբաղեցնող անձի, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավարի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով հնչած այդ «հիմնավորումներից» խիստ հատկանշական են, օրինակ, այն փաստարկումները, թե վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձին օրենքով արգելված չէ լինել «Այո»-ի շտաբի պետ կամ որ նա շտաբի պետի պարտականությունները կատարելու է ոչ աշխատանքային ժամերին:

Մյուս առումներից հատկանշական են, թերեւս, կառավարող վերնախավի ներքին կառուցվածքի անհրաժեշտ վերաձեւման փորձերը, այդ թվում՝ կառավարող կուսակցության առաջին դեմքերի եւ կուսակցապետի անմիջական ենթակայությամբ գործող պաշտոնյաների ղեկավար կարգավիճակի ամրագրումը, ուստի նաեւ՝ ներկայիս վերնախավի շատ անդամների կարգավիճակը ցածրացնելու եւ, նույնիսկ՝ վերջին անգամ օգտագործելու ու ասպարեզից հեռացնելու հեռանկարը:

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը հայտարարում է, որ չի հանդուրժելու պետության ու հասարակության ապաիրավականացման միջոցով միակուսակցական քրեապետություն հաստատելու այս նախաձեռնությունը, ուստի մեր ժողովրդին կոչ է անում 2015 թ. դեկտեմբերի 1-ին մասնակցել Երեւանում անցկացվող համազգային հանրահավաքին՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու քայլերը միասնաբար որոշելու եւ կատարելու համար»:

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին: