Երեւանի Վարդանանց փողոցում հոկտեմբերի 25-ին Հայկ Գեւորգյանը ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի Աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանի ու կնոջը՝ Գայանե Մկրտումյանին վրաերթի է ենթարկել, երբ նրանք վազելով հատելիս են եղել փողոցը անթույլատրելի մասից: Այս մասին NEWS.am-ին ասաց վրաերթի ենթարկած տաքսի մեքենայի վարորդի եղբայրը՝ Արմեն Գեւորգյանը:
«Անցումից մի 20 մետր ներքեւ անձրեւի ժամանակ վազելով անցել են փողոցը, մինչեւ արգելակել է, եղել է դեպքը: Եղբայրս մոտեցել է, զանգել են «Շտապօգնություն»: Մենք էլ մինչեւ վերջ էնտեղ ենք եղել, չենք հեռացել դեպքի վայրից, ինչ անհրաժեշտ օգնություն պետք է, ցույց ենք տվել»,- ասաց նա:
Արմեն Գեւորգյանը վստահեցրեց, որ եղբայրը արագությունը գերազանցած չի եղել, դեպքը եղել է լուսակիրներից մոտ 50 մետր հեռավորության վրա: Դեպքը տեղի է ունեցել ժամը 18։30–ի սահմանում։ Ամենայն հավանականությամբ, Մկրտումյանն ու կինը շինանյութերի խանութ գնումների էին գնացել։
Նշենք, որ Մհեր Մկրտումյանի վիճակը ծայրահեղ ծանր է, կնոջ վիճակը՝ ծանր:
Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, հանգամանքները պարզվում են, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Հիշեցնենք, որ Երեւանում հոկտեմբերի 25-ին 35-ամյա Հայկ Գեւորգյանն իր վարած «Օպել» մակնիշի 34 SZ 789 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ամուսիններ 38-ամյա Մհեր եւ 36-ամյա Գայանե Մկրտումյաններին: Վրաերթի ենթարկվածները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էին հիվանդանոց:





























