Ադրբեջանի կողմից սահմանային սադրանքները զուգորդվում են Բաքվում ամենաբարձր մակարդակով ռազմատենչ հայտարարություններով ու սպառնալիքներով, թշնամանքի եւ ատելության քարոզչությամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Երեւանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը շարունակվել են քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու շուրջ։
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը միջնորդների ուշադրությունը հրավիրեց առ այն, որ նույնիսկ նախորդ ամիս եռանախագահների երկու հայտարարություններից հետո Ադրբեջանը շարունակել է Հայաստանի հետ սահմանին եւ Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները։
«Ադրբեջանի կողմից միջադեպերի քննության մեխանիզմ ստեղծելու համանախագահների հասցեական հրապարակային կոչի մերժումը վկայում է, որ Բաքուն ցանկանում է տապալել Հայաստանի եւ եռանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»,- շեշտեց նախարար Նալբանդյանը։





























