Իշխանություններն ամեն ինչ արեցին՝ «Հոկտեմբերի 27»-ի գործը կոծկելու համար եւ այս իշխանությունների օրոք այն չի բացահայտվելու: Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ նման համոզմունք հայտնեց 16 տարի առաջ Հայաստանի խորհրդարանում սպանված՝ խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը, ով այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր է:
«Իշխանություններն ամեն ինչ արեցին՝ գործը կոծկելու համար: Համոզված եմ, որ այս իշխանությունների օրոք գործը չի բացահայտվելու: Կարծում եմ, որ եթե չլիներ «Հոկտեմբերի 27»-ը, կլիներ այլ Հայաստան»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավորի խոսքով՝ 16 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը մեծ հարված է հասցրել Հայաստանին, եւ հետեւանքներն առ այսօր զգացվում է:
Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ խորհրդարանի անդամներին:
Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:
Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:





























