Աֆղանական սահմանի կողմից գնդակոծության հետեւանքով առնվազն յոթ պակիստանցի սահմանապահ է զոհվել, երեքշաբթի տեղեկացրել է միջգերատեսչական ռազմական մամուլի ծառայությունը (ISPR):

«Երեքշաբթի վաղ առավոտյան ահաբեկիչները Աֆղանստանի եւ Պակիստանի սահմանին կրակ են բացել», - մամուլի ծառայության հայտարարությունն է մեջբերում DAWN պարբերականը:

Միջադեպը տեղի է ունեցել Հարավային Վազիրիստանում՝ Անգուր Ադդայից դեպի հյուսիս-արեւելք ընկած անցակետում:  ISPR-ի տվյալներով, շրջանում ահաբեկիչների շարժ թույլ չտալու համար հարեւան շրջանների սահմաններին զորամիավորումներ են տեղակայվել:  

Հարավային եւ Հյուսիսային Վազիրստանը Պակիստանի՝ Աֆղանստանին սահմանակից յոթ ցեղային շրջաններից է, որտեղ ակտիվորեն գործում են գրոհայինները, ինչպես նաեւ ենթադրաբար գտնվում են «Թալիբան» արմատական շարժման եւ «Ալ Կաիդա» ահաբեկչական ցանցի բազաները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: