ԱՄՆ ավելի քան 80 կոնգրեսականներ, այդ թվում՝ զինված ուժերի հանձնաժողովի, հետախուզության եւ հատկացումների հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչներ, միացել են Կոնգրեսի անդամներ Էդ Ռոյսի եւ Էլիոթ Էնգելի նամակին՝ ուղղված ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը։

Ռոյսի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության շփման գծում բռնությունը մեծացել է, իսկ վարչակազմի՝ մեղավորին չնշելու քաղաքականությունը չի գործում։ «Մեր նամակում մենք առաջարկում ենք մի քանի խելացի քայլ, որոնք պետք է ձեռնարկի ԱՄՆ-ն եւ Մինսկի խումբը, որպեսզի վերջ դնի հետագա բռնությանը։ Դեսպան Ուորլիքը պետք է պաշտպանի այդ առաջարկները եւ դրանք ընդունելու համար ճնշում գործադրի ՄԽ իր գործընկերների վրա»,- նշել է Էդ Ռոյսը։

Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի անդամներին աջակցության համար։

Հիշեցնենք, որ կոնգրեսականները նամակում խնդրում են ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղություն ապահովել, ինչի համար անհրաժեշտ է հրաժարվել ագրեսիայի դեմ կեղծ ազնվության քաղաքականություն վարելուց։ Նրանց խոսքով՝ ագրեսիայի դեմ ԵԱՀԿ եւ ԱՄՆ արձագանքի պրակտիկան, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ կողմերին բռնություն չկիրառելու կոչ, չի նպաստել լարվածության թուլացմանը, այլ ընդհակառակը, իրավիճակն ավելի վտանգավոր է դարձել։

Քաղաքական  գործիչները երեք կոնկրետ քայլ են առաջարկում, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը։ Անհրաժեշտ է ստանալ կողմերի համաձայնությունը՝ շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու, հրաձգային լոկատորների եւ ձայնային սարքավորումների առաջավոր համակարգեր տեղակայելու (շփման գծում գրոհի աղբյուրը պարզելու համար) եւ ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդներ ներգրավելու հարցում։