«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության խորհրդի անդամները եւ նրանց համակիրներն այսօրվանից՝ հոկտեմբերի 27-ից, մինչեւ Ազգային ժողովի քառօրյա նիստի ավարտը, նստացույց կանեն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի առջեւ՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ակնկալիքով:

Նախաձեռնության անդամները երեկ Ազգային ժողովի առջեւ հանդիպում էին պահանջում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հետ սպասված հանդիպումը կազմակերպելու եւ 7 հազար 500 քաղաքացիների ստորագրությամբ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը քննարկելու վերաբերյալ դիմումը  հանձնելու:

Հրայր Թովմասյանը ծանրաբեռնվածության պատճառով նախաձեռնության անդամներին չի մոտեցել մինչեւ սահմանված ժամը՝ 19:00-ն, որից հետո նրանք հայտարարել են, որ նստացույց կսկսեն:

«Հրայր Թովմասյանը մեզ մերժեց, դա նշանակում է, որ Ազգային ժողովի ղեկավարությունն է մեզ մերժում: Մենք դիմումը սահմանված կարգով կհանձնենք ԱԺ եւ կշարունակենք նստացույցը»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:

Անդրադառնալով ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի հայտարարությանը, որով վերջինը պատրաստակամություն էր հայտնել հանդիպել եւ քննարկել «Ոտքի Հայաստան»-ի եւ նրանց համակիրների բարձրացրած հարցերին՝ Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ Բաբայանն այն անձը չէ, որն իրավասու է հանդիպում կազմակերպել ԱԺ նախագահի եւ խորհրդարանական խմբակցությունների հետ:

Նշենք, որ նախաձեռնության անդամները ցանկանում էին ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին հանձնել իրենց դիմումը, որը 7 հազար 500 քաղաքացի է ստորագրել:

Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստանը» Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին հասնելու ծրագրի շրջանակում պահանջում են Ազգային Ժողովից ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի համաձայն քննարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, հրապարակել 2012թ. եւ 2013թ. համապետական ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունից բացակա քաղաքացիների ցուցակը, հրապարակել 2012թ.-ից ի վեր կառավարության կատարած բոլոր ծախսերի մասին մանրամասն տեղեկություններ: