Ես մտածում եմ, որ 102 զոհով Անկարայի կոտորածի մասին ոստիկանությունը նախապես տեղյակ է եղել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մի հեռուստահաղորդման ժամանակ, անդրադառնալով հոկետմբերի 10-ի Անկարայի ահաբեկչությանը, նշել է, թե դրա գլխավոր պատասխանատուն իշխանություններն են։

Քըլըչդարօղուն պատմել է, թե Դավութօղլուի հետ հանդիպմանը հարցրել է, թե արդյոք նա տեսե՞լ է, թե ինչպես է Արդարադատության նախարարը ծիծաղելով խոսում 102 զոհերի մասին լուրը մեկնաբանելիս։ «Ես Դավութօղլուին են հանձնել թղթեր, որոնք հաստատում են, որ մինչ պայթյունը ոստիկանության հետախուզության վարչությունում ինչ-որ գրություններ են եղել»,-ասել է Քըլըչդարօղլուն՝ շեշտելով, որ ինքը մտածում է, որ կոտորածի մասին ոստիկանությունը նախօրոք տեղյակ է եղել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2015թ. հոկտեմբերի 10-ի առավոտյան արհմիությունների կազմակերպած Խաղաղության հանրահավաքի ժամանակ տեղի են ունեցել հզոր պայթյուններ, որոնց հետանքով զոհվել են 102 քաղաքացի։