Տղամարդը, որը նախօրեին Բելգիայում՝ Նամյուրի մոտակայքում, ավտոմեքենայով ջարդել էր զորամասի դարպասը ու ներթափանցել դրա տարածք, կալանավորվել է, նրա արարքի դրդապատճառներն առայժմ հայտնի չեն, հայտնում է RTBF հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով Նամյուրի դատախազության հայտարարությունը:
Երկուշաբթի, Նամյուրի մոտ գտնվող Ֆլավին կոչվող վայրում Նամյուրի 32-ամյա բնակիչը մոտեցել էր զորամասին, ու երբ պահակները նրան թույլ չեն տվել մտնել՝ նա ջարդել է դարպասները, անցել զորամասի տարածքով, դուրս եկել դրա սահմաններից՝ թողել ավտոմեքենան ու թաքնվել: Երեք ժամ անց ոստիկանությունը նրան ձերբակալել է մոտակայքում գտնվող տներից մեկի այգում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
RTBF-ի տեղեկություններով՝ երեքշաբթի ձերբակալվածին կալանքի տակ են վերցրել, բայց նրա արարքի դրդապատճառներն առայսօր պարզ չեն:
Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Յամբոնը հայտարարել է, որ «նա (ձերբակալվածը) ուզում էր անել մի բան, որն ինչ- որ առնչություն ունի նրա անցյալի հետ, իսկ ահաբեկչության հետ դա ոչ մի կապ չունի»: Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Նամյուրի դատախազ Վենսեն Մակը հայտարարել է, որ կասկածյալի անձնական գործը նախարարին հասանալի չի եղել:
«Այդ ամենն այդքան էլ հստակ չէ: Իրոք, հետազոտության արդյունքներով նրան չէին ընդունել դեսանտային հատուկ նշանակության ջոկատ, բայց նրա անձնական գործը մեզ համար դեռ հասանելի չէ»,- ասաց դատախազը RTBF-ին:




























