Հայկական ԱԷԿ-ի դիագնոստիկան կավարտվի 2016թ.։ Այս մասին հոկտեմբերի 27-ին՝ Հայաստանի նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստում, լրագրողներին ասել է Ատոմային էլեկտրակայանների շահագործման Գիտահետազոտական ինստիտուտի («Հայատոմ» ԳՀԻ) տնօրեն Վահրամ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ դիագնոստիկան արդեն ավարտին է մոտենում եւ ամբողջովին կավարտվի 2016թ.

«Դրանից հետո մենք կորոշենք, թե կայանի որ հանգույցներն ու սարքավորումները մոդերինիզացման կարիք ունեն, եւ ինչ է անհրաժեշտ գնել»,- ասել է նա եւ նշել, որ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդը վերջին 2 տարվա ընթացքում իր աշխատանքները կենտրոնացրել է հենց անվտանգության վրա։

Հայկական  ատոմակայանը շահագործման է հանձնվել 1976 թվականին: 1989-ին այն փակվել է, իսկ 1995 թվականին 407.5 ՄՎտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկը կրկին վերագործարկվել է: Հաշվի առնելով պարապուրդը՝ որոշում էր կայացվել շահագործման ժամկետները 2006թ.-ից երկարաձգել մինչեւ 2016թ.։ Նշենք, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2026 թվականը երկարաձգելու որոշումը Հայաստանի կառավարությունն ընդունել է 2013 թվականի սեպտեմբերի 13-ին:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին ԱԷԿ-ը արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 31-32 տոկոսը։ 5-6 տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 4 տոկոս։ Այն պակասել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի եւ նոր ՀԷԿ-երի շահագործման հաշվին։