Վազգեն Սարգսյանը Հայաստանի համար 30-50 տարվա զարգացման ծրագիր ուներ, որի շնորհիվ Հայաստանը տարածաշրջանում կդառնար այնպիսի պետություն, ինչպիսին Իսրայելն է Մերձավոր Արեւելքում: Այս մասին՝ այսօր հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
«21-րդ դարը մերն էր լինելու, մենք դառնալու էինք հզոր պետություն: Հավանաբար պետք է նաեւ այս կոնտեքստում նայել՝ տեղի ունեցածը հավանաբար շատ գերտերություների դուր չէր գա այս տարածաշրջանում նման զարգացած պետություն ունենալը»,- ասաց Արամ Սարգսյանը:
Արամ Սարգսյանի խոսքով՝ Հոկտեմբերի 27-ի տեղի չունենալու դեպքում Հայաստանի իշխանության ներկայացուցիչները այլ կարգավիճակում կլինեին, իսկ Գագիկ Ծառուկյանի եւ Արա Աբրահամյանի մտքով չէր անցնի քաղաքականություն մտնել։
Հոկտեմբերի 27-ը, ըստ Արամ Սարգսյանի, Հայաստանի համար այն օրերից է, որը երբեք չի մոռացվի, քանի որ գործը դեռեւս բացահայտված չէ, եւ ներկայիս իշխանության օրոք չի էլ բացահայտվի:
«Հասարակության գիտակցության մեջ գործը բացահայտված է, հասարակությունն ուզում է դատավճիռը տեսնել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ խորհրդարանի անդամներին:
Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:
Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:





























