Եմենում հակամարտության էսկալացիայի ժամանակ՝ սույն թվականի մարտի 26-ից հոկտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում 2615 քաղաքացիական անձ է զոհվել ու 5193-ը վիրավորվել: Այս մասին երեքշաբթի Ժնեւում ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքներով գերագույն հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Ռուփերթ Քոլվիլը:

«Զոհերի մոտավորապես երկու երրորդը սպանվել է օդային հարվածների հետեւանքով, իսկ մեկ երրորդը սպանվել է խռովարար հուսիների ու նրանց դաշնակիցների կողմից»,- նշել է նա՝ շեշտելով որ «այդ տվյալները ներառում են տեղեկություններ միայն քաղաքացիական անձանց, այլ ոչ թե մարտերի մասնակիցների մասին»,- հայտնում է ՏԱՍՍ-ը:

Եմենի իշխանությունների ու խռովարարների միջեւ դիմակայությունը ակտիվացել է 2014թ. օգոստոսին: Սույն թվականի հունվարին հուսիների «Անսար Ալլահ» մարտական թեւը զավթել է երկրի մայրաքաղաք Սանան: Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին ստիպված էր սկզբում Ադեն տեղափոխվել, իսկ այն բանից հետո, երբ խռովարարները մարտի 25-ին մտան այդ քաղաք, նա լքեց Եմենը: Մարտի 26-ից սկսած՝ նրա խնդրանքով Սաուդյան Արաբիան՝ Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի ու Արաբական Միացյալ Էմիրությունների աջակցությամբ ռազմաօդային գործողություն է անցկացնում հուսիների դեմ: Կոալիցիային միացել են նաեւ Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն ու Սուդանը: