Պետք չէ վախենալ քննադատությունից, երբեմն պետք է կարողանալ  լսել քննադատությունը եւ անձնական շահերը դնել մի կողմ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում ՄԻՊ-ի 2014-ի զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Ես պարոն Անդրեասյանի դեմ քննադատությունն ընկալում եմ որպես  ուղղում, առաջարկ: Ո՞վ է ասում, որ այս երկրում խնդիր չկա, մենք բոլորս վերեւից եկած առաքյալներ ենք, հրեշտակներ. չկա տենց բան, ոչ այն կողմը հրեշտակներ կան, ոչ էլ այս կողմը, առավել եւս իմ աթոռին, եւ այդ իմաստով մենք պետք է լինենք կառուցողական»,- նշել է Շարմազանովը՝ հավելելով, որ ինքն ընդունում է եւ՛ իշխանության, եւ՛ ընդդիմության քննադատությունը ՄԻՊ-ի նկատմամբ:

«Դուք օբյեկտիվ ճանապարհ եք ընտրել, ուղղակի մեկին դուր կգա, մեկին դուր չի գա: Նենց չի, որ իմ ուշքը գնում է, որ ինձ քննադատում են, երբեմն պետք է կարողանալ  լսել քննադատությունը»,-ընդգծել է ՀՀԿ մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ պետք է ոչ միայն քննադատել իշխանության մարմիններին, այլեւ փորձել օբյեկտիվ լինել, պաշտպանել նաեւ իշխանության ներկայացուցիչների իրավունքները: