Ֆրանսիայի իշխանությունները երեքշաբթի Սիրիայի իրավիճակի կարգավորմանը նվիրված միջազգային հանդիպում են կազմակերպելու՝ տասը երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Արտաքին գործերի ու միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսն այսօր երեկոյան աշխատանքային ընթրիքի ժամանակ կընդունի այն հիմնական գործընկերներին, որոնք Ֆրանսիայի հետ միասին մասնակցում են սիրիական ճգնաժամի կարգավորմանը՝ Սաուդյան Արաբիայի, ՄԱԷ-ի, Հորդանանի, Կատարի, Թուրքիայի, Գերմանիայի, ԱՄՆ –ի, Իտալիայի ու Մեծ Բրիտանիայի (ներկայացուցիչներին) »,- ասված է ֆրանսիական արտգործնախարարության հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ակնկալվում է, որ հանդիպման մասնակիցները կքննարկեն Սիրիայում իշխանության քաղաքական անցումն ապահովելու ուղիները, նաեւ ահաբեկչության դեմ պայքարում գործողությունների ուժեղացման հնարավորությունները:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն չի ճշգրտել փարիզյան հանդիպման մասնակիցների պաշտոնները: Մինչդեռ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փարիզ է ուղորվում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինքենը:

Անցած ուրբաթ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վիեննայում Սիրիայի քաղաքական կարգավորմանը նվիրված խորհրդակցությունների հերթական փուլն են անցկացրել: Բանակցություններին նաեւ մասնակցել են Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: