«Հոկտեմբերի 27»-ը կբացահայտվի, եթե Հայաստանում ժողովրդավարական իշխանություն հաստատվի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ նշելով, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին սպանվել են ժողովրդի կողմից ընտրված առաջնորդներ։

«Մենք կիմանանք ճշմարտությունը, երբ որ պատմության անիվը հետ ֆռռա եւ Հայաստանում նորից վերականգնվի ժողովրդավարությունը եւ իշխանությունն ընտրվի ժողովրդի կողմից, ոչ թե իրենք իրենց ընտրակեղծիքներով վերարտադրեն։ Հոկտեմբերի 27-ին սպանվել է ոչ միայն Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը եւ նրանց թիմակիցները, այլ սպանվել են հայ ժողովրդի կողմից ընտրված վերջին ժողովրդավարական լիդերները։ Դա արվել է կոնկրետ նպատակով, որ Հայաստանում իսպառ վերացվի քաղաքական վերնախավի պատասխանատվությունը ժողովրդի առջեւ։ Այն մարդիկ, որոնք դրա հետեւանքով տիրացան իշխանության լծակներին, արդեն առանց որեւէ հակակշռի, զսպումների կարողանում են այդ իշխանությունն օգտագործել իրենց հարստացման նպատակով»,-ասաց Լեւոն Զուրաբյանը։

Նշենք, որ այսօր լրանում է հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործության 16-րդ տարելիցը: Խորհրդարանի նախագահը, պատգամավորներն ու 16 տարի առաջ սպանված քաղաքական գործիչների հարազատները ծաղիկներ դրեցին Հոկտեմբերի 27-ին նվիրված հուշարձանի մոտ:

Հիշեցնենք, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ խորհրդարանի անդամներին:

Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:

Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը  դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: