Հայաստանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ բացարձակապես ոչ մի քաղաքական փոխհամաձայնություն չկա, որն այդքան ուզում են տեսնել միջազգային կազմակերպությունները: Այս մասին «Սահմանադրական փոփոխությունների գործընթացն ու կառավարման առաջարկվող համակարգի առանձնահատկությունները» թեմայով հանրային քննարկման ընթացքում հոկտեմբերի 27-ին հայտնել է «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով, մեզ առաջարկում են ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ բոլորովին նոր Սահմանադրություն՝ բոլորովին նոր համակարգով: «Հայաստանն այդ փոփոխությունների կարիքը չուներ: Հին Սամանադրությունը պարզապես չէր գործում, իսկ չգործող Մայր օրենքը փոխելու իրավունք չկա: Սա իրավական փաստաթուղթ չէ, այդ փաստաթուղթը ոչ մի առնչություն չունի իրավական ոլորտի հետ»,-շեշտել է Մանուկյանը: Այն, շարունակել է պատգամավորը, մեկ նպատակ ունի՝ վերացնել նախագահական ընտրությունների ինստիտուտը սահմանել խորհրդարանական համակարգ, որի ղեկավարը կլինի երկրի հիմիկվա ղեկավարը: «Այսօր հայ ժողովուրդը նման ցնցումների կարիք չունի: Հայաստանի առաջ լուրջ մարտահրավերներ կան, ու մենք պետք է զբաղվենք այդ խնդիրներով»,- ամփոփել է Արամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը նախատեսում է անցում կառավարման խոհրդարանական ձեւին: Սամանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն նշանակված է դեկտեմբերի 6-ին: