Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը 2014թ. իր զեկույցում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում լուծումներ առաջարկելու փոխարեն միայն տրաֆարետային կոչերով է հանդես գալիս, որոնք ԱԺ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյաին հիշեցնում է Թումանյանի հեքիաթի հերոսին:
«Սա նման է Թումանյանի հեքիաթի հերոսին, որն ասում էր՝ արեւելքից արեւը դուրս գա, արեւմուտքում՝ մայր մտնի ձորերը պիտի խորը լինեն, լեռները՝ բարձր: Սակայն դա չէ ձեր խնդիրը, դուք պետք է լուծումներ առաջարկեք: Ի՞նչ եք արել Դուք Ձեր բացահայտած խնդիրների ուղղությամբ, կոնկրետ նշե՞լ եք՝ որ պաշտոնյան ինչի համար է մեղավորը, հարցը բարձրացրե՞լ եք Կառավարության նիստում, դիմե՞լ եք գլխավոր դատախազին, չէ՞, որ դուք նման լիազորություն ունեք: Իսկ դուք չեք ասում, լռում եք: Բա էդ բարոյախրատական կոչերն ու՞մ են պետք: Եթե բեղ-մորուքով, ճաղատ, կամ ալեհեր մազերով մի մարդ էդ կոչերն աներ, էլի գուցե ինչ-որ պետական պաշտոնյաներ լսեին, բայց Դուք երիտասարդ մարդ եք, Ձեր կոչերն ո՞վ կլսի»,- այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովի նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավորը:
Ջհանգիրյանի խոսքով՝ օմբուդսմենը իր նախաձեռնությամբ նեղացնում, սահմանափակում է իր լիազորությունները՝ լիարժեք չկիրառելով օրենքով իրեն վերապահված իրավունքները:
ՀԱԿ պատգամավորը նկատեց, որ մինչ ՄԻՊ-ը դժգոհում է, որ իրեն իրավունք վերապահված չէ միջամտել որեւէ քրեական գործի, որը կարող է լուծվել դատարանում, իր պաշտոնավարման 4.5 տարիների ընթացքում ոչ մի քայլ չի ձեռնարկել օրենքի որեւէ նախագիծ մշակելու ուղղությամբ, որով օրենքում փոփոխություններ կկատարվեին ու օմբուդսմենին կտրվեին համապատասխան լիազորություններ եւ ՄԻՊ-ի գործունեությունը խոչընդոտողները կպատժվեին, ավելին՝ չի օգտվել գործող օրենքով իրեն տրված լիազորությունից, չի դիմել Գլխավոր դատախազին ու մինչեւ վերջ չի գնացել, որը կարող էր երկրում նախադեպ ստեղծել:
Ջհանգիրյանի խոսքով՝ թերի է նաեւ ՄԻՊ-ի զեկույցի` Մարտի 1-ին վերաբերող հատվածը, որտեղ նա խոսում է միայն հարապարակայնության ոչ բավարար մակարդակի եւ գործի բացահայտման ողջամիտ ժամկետների կասկածելիության մասին:
«Պարոն Անդրեասյան, ավելի լավ է ոչ մի բան չգրեիք, եղբայր չանդրադառնայիք այս խնդրին: Դուք պատգամավորին հավասարեցված անձեռնմխելիությամբ եք օժտված ձեր ընտանիքը գտնվում է պետական պաշտպանության ներքո, բա էլ ի՞նչ եք ուզում որ գործ անեք։ Ես կարծում եմ՝ Ազգային ժողովն էլ մեղքի իր բաժինն ունի այս հարցում, ես աչթ չունեմ ձեր պաշտոնի վրա, բայց այս պաշտոնում պետք է ավելի փորձառու, տարիքով մարդ նշանակվեր։ Էն ծանրությունը, որ Ազգային ժողովը դրել է նրա ուսերին, ահռելի ծանրաձող է, նա չի կարող այն բարձրացնել»,– ասաց պատգամավորը:





























