Ինչքան շատ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեն հայ-ադրբեջանական սահմանգիծ, այնքան լավ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն բացահայտել են, թե որ կողմն է հրահրում հայ-ադրբեջանական սահմանագծի լարվածությունը։
«Ինչքան շատ համանախագահներն այցելեն, այնքան լավ։ Մենք նաեւ մեր պահանջն ենք ներկայացրել, որ կատարվեն լուրջ հետազոտություններ՝ պարզելու սահմանագծում որ կողմն է հրահրում ագրեսիա, սադրանքներ։ Չեմ կարծում, որ Մինսկի խումբն իրեն սպառել է, հակառակը՝ արդեն հասկացել ու բացահայտել է Ադրբեջանի գործողությունները»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը։
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, տարածաշրջանային այցի շրջանակներում հոկտեմբերի 26-ին եղել են Հայաստանում, ապա մեկնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Նրանք դիտարկում են անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, որի ժամանակ Ադրբեջանի կողմից կրակոցներ են հնչել եւ համանախագահները ստիպված են եղել պատսպարվել: Նրանք այնտեղից անցել են Ադրբեջանի տարածք:





























