Վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ավելի քան 90 տոկոսում, այդ թվում Հայաստանում, տեղ են գտնել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումներ: Այս մասին փաստում է գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը գնահատող Համաշխարհային բանկի Doing Business 2016. Կանոնակարգիչ դաշտի որակի ու նպատակային արդյունավետության գնահատում ամենամյա զեկույցը:
Ըստ զեկույցի, Հայաստանը հեշտացրել է շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը: Մասնավորապես, ցածր ռիսկային նախագծերի համար չեն կիրառվում անկախ փորձագետի կողմից ճարտարապետական նախագծի հաստատման եւ շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները:
Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ մեկտեղ երկիրը կրճատել է Ռուսաստանի Դաշնության հետ առեւտրի փաստաթղթային ու սահմանայինն ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Եվ, իհարկե պետք է նշել, որ նոր օրենքի համաձայն, որով գործով դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը երկրի բոլոր դատարաններում:
Ղազախստանը, որը տեղ է գրավել ընդհանուր վարկանիշային սանդղակի 41-րդ հորիզոնականում, վերջին տարվա ընթացքում աշխարհում ամենաշատ բարեփոխումներ կյանքի կոչած երկիրն է, որը գործարար ոլորտի կանոնակարգիչ դաշտում իրականացրել է թվով 7 բարեփոխում: Ղազախստանին հաջորդում են Ռուսաստանը (զբաղեցնում է 51-րդ հորիզոնականը) եւ Կիպրոսը (զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը)` յուրաքանչյուրն 5-ական բարեփոխումով:
Ակնառու դրական տեղաշարժերը Ղազախստանում հիմնականում ներառում են արհեստածին բյուրոկրատական խոչընդոտների վերացումը մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ Բիզնեսի/նոր գործի մեկնարկ, գույքի գրանցում, պայմանագրերի կիրարկում: Ռուսաստանը գույքի գրանցման ցուցանիշով տեղ է գտել աշխարհի 10-ը լավագույն երկրների շարքում ու նաեւ կատարյալ գնահատական է ստանում էներգամատակարարման հուսալիության ու էլեկտրաէներգիայի սակագների թափանցիկության մասով: Ինչ վերաբերում է Կիպրոսին, ապա այն նշանակալի դրական տեղաշարժ է ունեցել սնանկության լուծման հարցում:
Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում անցկացված բարեփոխումները կազմում են անցյալ տարվա ընթացքում աշխարհով մեկ իրականացված 231 բարեփոխումների 25 տոկոսը: Տարածաշրջանում են ամենամեծ դրական տեղաշարժեր արձանագրած տասը երկրներից երեքը՝ Կիպրոսը, Ղազախստանը եւ Ուզբեկստանը: Սրանք այն երկրներ են, որոնք իրականացրել են առնվազն երեք բարեփոխում ու բարելավել են իրենց դիրքը վարկանիշային սանդղակում:
«Գովեստով պետք է նշեմ, որ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրեթե բոլոր երկրներն իրենց գործարար միջավայրերը բարելավելու նպատակով կյանքի են կոչել առնվազն մեկ բարեփոխում: Այս բարեփոխումների հետ կապված քաղաքական հանձնառության ու եռանդագին աշխատանքի շնորհիվ տարածաշրջանի երկրները կարողացել են զեկույցի շրջանակում գնահատվող ցուցանիշների մասով տեղ գտնել առաջատարների շարքում»,- ասել է Doing Business զեկույցի համակարգող Ռիտա Ռամալհոն:





























