ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները շուտով կհանդիպեն։ Այս մասին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։

Ինչպես փոխանցում է ԱՊԱ-ն, Բաքու կատարած այցի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Էնդրյուն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) հանդիպել են ղարաբաղյան հակամարտության փախստականների հետ։

Ռուսաստանցի համանախագահ Պոպովը նշել է, որ հանդիպումը շատ արդյունավետ է եղել։ «Այսօր ավարտվում է տարածաշրջան կատարած այցը։ Հայաստանում մենք քննարկել ենք քաղաքական գործընթացները, շփման գծում լարվածության աճը, մարդասիրական համագործակցության ձեւավորման հարցերը։ Մենք հույս ունենք, որ շուտով կկայանա նախագահների հանդիպումը»,- ասել է Պոպովը։

Ուորլիքը նշել է, որ քանի դեռ փախստականների խնդիրը չի լուծվել, քանի դեռ նրանք չեն վերադարձել իրենց տները, համակողմանի լուծումն անհնար է լինելու։

Ֆրանսիացի համանախագահ Պիեռ Էնդրյուն նշել է, որ նրանք հասկանում են հակամարտության կարգավորման հարցում փախստականների գործոնի նշանակությունը։ «Մենք քննարկում ենք այդ հարցը ամեն հանդիպման ժամանակ։ ԿԽՄԿ-ի հետ հանդիպումների ընթացքում մենք առաջ ենք քաշել Ղարաբաղի պատերազմի ժամանակ զոհվածների թիվն ու անձը պարզելու նախաձեռնությունը։ Այդ գործընթացն ընթանում է ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում»,- նշել է նա։