«Այո»-ի կենտրոնական շտաբի պետի տեղակալներն իրենց լծակները չեն օգտագործելու հանրաքվեի քարոզարշավի ժամանակ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով, շտաբի այս կազմը նշանակում է, թե իրենք ինչքան լուրջ են վերաբերում Սահմանադրական փոփոխություններին. «Այնպես պետք է կազմակերպենք, որ խոցելի տեղ չունենա: Որեւէ վերահսկողական լծակ չենք օգտագործելու, ընտրվել են այն մարդիկ, որոնք մեծ փորձ ունեն: Ես, օրինակ, կոորդինացնելու եմ մեծամասնակով ընտրված պատգամավորների աշխատանքը, Վիգեն Սարգսյանը՝ քարոզչական, Հովիկ Հովսեփյանը՝ կազմակերպչական»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին կայացած նիստում նշանակվել է շտաբի պետի` Հովիկ Աբրահամյանի վեց տեղակալ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, ԱԺ ՀՀԿ խմբակացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը:





























