Սահմանադրական փոփոխությունների նախագծում պիտի արձանագրվեր, որ Հայաստանի նվազագույն աշխատավարձը չի կարող սպառողական զամբյուղից ցածր լինել: Այդ մասին հոկտեմբերի 28-ին մամուլի ասուլիսի ընթացքում ասել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Նրա համոզմամբ, չարժե վերադառնալ պլանային տնտեսությանը: «Անհրաժեշտ է մրցունակ շուկայական տնտեսություն զարգացնել, բայց դրա հիմքում մարդը պիտի լինի: Դա պիտի լինի սոցիալական ուղղվածություն ունեցող տնտեսություն: Բարեբախտաբար, համաշխարհային միտումները հաշվի առնելով՝ մեր երկիրը այն եզրակացությանն է հանգել, որ սոցիալական, շուկայական տնտեսության մոդելը լավագույնն է», - նշել է Մանասերյանը՝ ողջունելով սահմանադրական փոփոխությունների նախագծում այդ կետի ներառումը: Նրա, որպես տնտեսագետի համար, նախագծում առկա տնտեսական հարցերի ամբողջությունը բավականին ընդունելի է եւ համահունչ այն մարտահրավերներին, որ կանգնած են երկրի առաջ:




























