2015թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 17-ի սահմաններում, Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին  ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության են տեղափոխվել Արտաշատ քաղաքի բնակիչներ Բաղդասարյան եղբայրները։

Ավագ եղբոր` 38-ամյա Բաղդասարյանի մոտ ախտորոշվել է «Ձախ սրունքի հրազենային վնասվածք», իսկ 36-ամյա Բաղդասարյանի մոտ՝ «Աջ սրունքի եւ աջ ծնկան հոդի շրջանում պատռված լաթաձեւ վնասվածք»։

Բաղդասարյան եղբայրները Արտաշատի բժշկական կենտրոնից  տեղափոխվել են Երեւան քաղաքի Մալաթիա բժշկական կենտրոն, որտեղ էլ ստանում են ստացիոնար բուժօգնություն:

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու եղբայրների՝ հրազենային վնասվածք ստանալու բոլոր հանգամանքները։

Նախնական տվյալներով՝ նրանք վնասվածքն ստացել են նույն օրը` ժամը 16։30-ի սահմաններում, Արարատի մարզի Շահումյան գյուղի 7-րդ ուղեկալ տանող ճանապարհին,  «ՄՌ 153» մոդելի որսորդական հրացանից արձակված կրակոցների հետեւանքով։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 3 հատ 12մմ տրամաչափի պարկուճ եւ 2 հատ նույն տրամաչափի, գործարանային արտադրության փամփուշտ, արնանման հետքեր։

Պարզվել է, որ որսորդական հրացանը պատկանում է Բաղդասարյան եղբայրների փեսային, ով ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին եւ բացատրություն տվել տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։ Վերցվել են փորձանմուշներ։

Դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ: