Գերմանիան չի կարող  թեթեւ վերաբերվել այնպիսի հարցին, ինչպիսին Ցեղասպանությունն է։ Այս մասին հոկտեմբերի 28-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Գերմանիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար  Անդրեաս Պեշկեն, որը տարածաշրջանային այցով ժամանել է Հայաստան։ Նշենք, որ նախքան այդ նա հանդիպումներ էր անցկացրել Բաքվում եւ Թբիլիսիում։

Անդրեաս Պեշկեն նշեց, որ ինքը չի կարող կանխատեսումներ անել Բունդեսթագում կայանալիք Հայոց ցեղասպանության վերաբերող քննարկումների վերաբերյալ, քանի որ Գերմանիայի խորհրդարանն անկախ մարմին է։ «Ես վստահ եմ, որ Բունդեսթագը կգործի՝ համաձայն այդ հարցում ստանձնած իր պարտավորությունների։ Չեմ կարող որեւէ բան ասել այդ կապակցությամբ, քանի որ Բունդեսթագը պետք է դեռ քննարկի այդ բանաձեւը։ Ինչպես գիտեք, այդ հարցում ավելի վաղ քննարկումներ են եղել, եւ այդ կապակցությամբ ելույթ է ունեցել Գերմանիայի նախագահը։ Բունդեսթագում նախորդ քննարկումների ոգին կպահպանվի նաեւ հետագա լսումների ժամանակ»,- նշեց հանձնակատարը։

Անդրադառնալով  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Թուրքիա կատարած այցելության ֆոնին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկումները հետաձգելուն՝ Պեշկեն նշեց, որ Մերկելի այցը բոլորովին այլ բնույթ ուներ։ «Այն, ինչ մենք հիմա քննարկում ենք Հայաստանի եւ այդ պատմական պատասխանատվության մասին, առանձին թեմա է։ Ես կարծում եմ, որ այդ պատմական պատասխանատվության հարցի վերջնական լուծումը կտրվի մեկ այլ առանձին քննարկման ժամանակ։

Ինչ վերաբերում է Բունդեսթագի կողմից բանաձեւի քննարկումն անորոշ ժամկետով հետաձգելուն, ապա ասեմ, որ այդ պատմական պատասխանատվությունը շարունակում է առաջնային մնալ։ Մենք՝ գերմանացիներս, շատ զգայուն ենք պատմական պատասխանատվության նկատմամբ։ Մենք սուր քննարկումներ ենք ունեցել նաեւ Հոլոքոստի հարցով եւ երբեք չեք կարող նման հարցերին թեթեւ վերաբերվել: Պարզապս պետք է հասկանանք, որ ամեն օր մոտ 10 հազար ներգաղթյալ է գալիս Գերմանիա, ուստի պետք է պատկերացնել փախստականների հիմնահարցի քննարկման ինտենսիվությունը։ Բայց Գերմանիայի թե՛ քաղաքական դաշտում, թե՛ հանրային քննարկումներում այդ հարցերն անջատ են դրված»,- նշեց Անդրեաս Պեշկեն։