«Գազպրոմը» չի նախատեսում մասնակցել Ուկրաինային արեւմտյան ուղղությամբ գազի մատակարարման տենդերին, ՏԱՍՍ-ին տեղեկացրել է ռուսական ընկերության բարձրաստիճան աղբյուրը:
«Մենք չենք մասնակցի տենդերին», - ասել է նա: Գործակալության զրուցակիցը հավելել է, որ եթե Ուկրաինան արեւմտյան սահմանին գազի կարիք ունի, «Նավթոգազը» կամ ուկրաինական այլ ընկերություններ կարող են մասնակցել կարճաժամկետ պայմանագրերով գազի գնման աճուրդներին, որոնք «Գազպրոմ էքսպորտը» սկսել է կազմակերպել:
Ինչպես արդեն հաղորդել է ՏԱՍՍ-ը, Վերականգնման եւ զարգացման եվրոպական բանկը Ուկրաինային 300 միլիոն դոլար է հատկացրել իր ստորգետնյա պահուստներում գազ ամբարելու համար: Գազը գալու է արեւմտյան սահմանից, այսինքն՝ Եվրոպայից: Այդ միջոցների ստացման համար անհրաժեշտ է տենդերին մասնակցել այն պայմաններով, որոնք բանկը սահմանել է մատակարարների համար:
«Գազպրոմ էքսպորտը» արդեն անցկացրել է կարճաժամկետ պայմանագրով գազի վաճառքի առաջին աճուրդը: Հաջորդ աճուրդը նախատեսված է 2015-ի վերջին – 2016-ի սկզբին:




























