Հայաստանում այս տարվա առաջին 9 ամիսների կտրվածքով «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կրկին  գլխավորել է խոշոր հարկատուների ցուցակը: ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է  1000 ամենախոշոր հարկատուների ցանկը հունվար-սեպտեմբերի ամիսների համար:

«Գազպրոմ Արմենիան» կրկին զգալիորեն գերազանցել է մյուսներին՝ բյուջե վճարելով շուրջ 31 մլրդ դրամ հարկ: Երկրորդ տեղը զբաղեցրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 19 մլրդ դրամով:

Երրորդ տեղում Որոտանի ՀԷԿ-ն է (16,7 մլրդ դրամ), որը վերջերս վաճառվել է ամերիկյան ContourGlobal ընկերությանը: Այս ցուցանիշն ապահովվել է հիմնականում ընկերության վաճառքից ստացված միջոցներից:

Բջջային կապի երկու օպերատորները՝ «Ղ-Տելեկոմը» (13,74 մլրդ դրամ) եւ «ԱրմենՏելը» (11,8 մլրդ դրամ) խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել են համապատասխանաբար 4-րդ եւ 7-րդ տեղերը:

5-րդ տեղում 13,73 մլրդ դրամով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է, որը երկրի ամենախոշոր գործատուն է:

6-րդ տեղում հայտնի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն է, որը զբաղվում է մեծածախ եւ մանրածախ առեւտրով: Այս ընկերությունը բյուջե է վճարել 11,95 մլրդ դրամի հարկ:

2014  թվականի հունվար-սեպտեմբերին այս ընկերությունը վճարել էր 14,7 մլրդ դրամի հարկ:

Նշենք, որ ընդհանուր առմամբ, Հայաստանում մանրածախ առեւտուրը այս տարվա առաջին 9 ամիսներին կրճատվել է մոտ 6,8 տոկոսով:

Խոշոր հարկ վճարողների ցանկի 8-րդ տեղում 10,1 մլր դրամով «Գրանտ Տոբակոն» է, որը երկրում խոշորագույն ծխախոտ արտադրողն է:

9-10-րդ տեղերը զբաղեցրել են նավթ ներկրող երկու խոշոր ընկերությունները՝ «Ֆլեշ» ընկերությունը եւ « CPS»-ը՝ համապատասխանաբար 9,3 մլրդ դրամ եւ 6,8 մլրդ դրամ ցուցանիշներով: Այս ընկերությունների վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են: