ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 30-ամյա Ս.Հարությունյանի մահվան դեպքի առթիվ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր  հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 21:45-ին, «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի` սրտի շրջանում ծակած-կտրած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդու դիակ:

Անմիջապես «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ  է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ։  Պարզվել է  մահացածի ինքնությունը, ով Աշտարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Ս.Հարությունյանն է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախնական քննության տվյալներով՝ տղամարդը կտրող-ծակող գործիքից  մարմնական վնասվածքն ստացել է  Աշտարակ քաղաքի Արծվի թեւի մոտ գտնվող այգիներից մեկում տեղի ունեցած խնջույքի ժամանակ։

Քննությամբ պարզվել է  խնջույքի մասնակիցների շրջանակը, ինքնությունը, ովքեր հարցաքննվել են։ Ձեռք բերված նախնական տվյալներով՝ խնջույքին ներկա է գտնվել 4 անձ՝ Ս.Հարությունյանը, նրա ընկերը եւ եւս երկու աղջիկ։ Տուժած քաղաքացուն նախ առաջին բուժօգնություն է  փորձել ցուցաբերել, ապա նաեւ հիվանդանոց տեղափոխել ընկերը։

Կատարվել են դեպքի վայրի եւ դիակի զննություններ,  վերցվել են փորձանմուշներ։ Ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել եւ վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու, Ս.Հարությունյանի՝ մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են  դատաբժշկական, դատակենսաբանական եւ դատահետքաբանական փորձաքննություններ: