Արմավիրի մարզի Արեւիկ գյուղում խաղողագործները բերքի 80 տոկոսը չեն հավաքել, քանի որ այն չեն կարողանում իրացնել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արեւիկ գյուղի բնակիչ Մարտիկ Մուրադյանը:
«Ես անձամբ 60 տոննա խաղողի բերք ունեմ, որից 60 տոննան կարողացել եմ վաճառել, մնացածը չեմ կարողացել մթերել, մնացել, փչանում է: Անգամ 30 դրամով պատրաստ ենք տալու վերամշակող գործարաններին, միայն թե պրծնենք: Ուրիշ ոչ մի ելք չենք տեսնում»,-ասաց Մարտիկ Մուրադյանը՝ նշելով, որ այսօր գյուղապետարանի մոտ բողոքի ակցիա են արել, որից հետո գյուղապետարանից իրենց խոստացել են հարցին ինչ-որ կերպ լուծում տալ:
Նրա խոսքով, եթե մի քանի օրից իրենց խաղողի մթերման հարցը չլուծվի, կդիմեն ծայրահեղ քայլերի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի խաղողագործներն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, բողոքի ակցիա են անցկացրել գյուղապետարանի դիմաց՝ պահանջելով լուծել իրենց խաղողի մթերման խնդիրը: Գյուղապետարանի եւ գյուղացիների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի սպասեն մինչեւ վաղը, պարզելու, թե Արմավիրի մարզում գտնվող Պռոշյանի կոնյակի-գինու գործարանը քանի տոննա խաղող կարող է մթերել:





























