Արտահանվող ապրանքը ՀՀ սահմանն անցկացնելու ժամկետը 50-ից կրճատվել է մինչեւ 3 ժամ։ Այս մասին հոկտեմբերի 29-ին կայացած ՀՀ կառավարության նիստում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ մեկնաբանելով Համաշխարհային բանկի «Doing Business – 2016» զեկույցի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։

Դրա շնորհիվ հանրապետությունը բարելավել է իր դիրքերը միջսահմանային առեւտրի վարկանիշում՝ 58-րդ հորիզոնականից բարձրանալու 29-րդ տեղը։ Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ 38-ից բարձրանալով 35-րդ հորիզոնական։ Հայաստանի դիրքերի բարելավման հիմքում ընկած են երեք ուղղություններով  (շինարարական թույլտվություններ, առեւտրի ծախսեր եւ համաձայնագրերի կատարման որակ) կատարված բարեփոխումները։

Մասնավորապես ռիսկի ցածր աստիճանով նախագծերի համար չեղյալ է հայտարարվել պարտադիր անկախ փորձագիտական եզրակացությունը։ Իսկ պայմանագրերի կատարման որակին անդրադարձող դատական բարեփոխումների ոլորտում Երեւանի ընդհանուր իրավասության դատարաններում ներմուծվել է գործերի պատահական բաշխման համակարգ, ինչը կրճատել է կոռուպցիոն ռիսկերը։ «Բիզնես բացելու պարզության  ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 5-րդ տեղն այնպիսի արդյունքով, որը համեմատական է այդ ոլորտի առաջատար Նոր Զելանդիայի արդյունքի հետ»,- ասել է վարչապետը։ Սեփականության գրանցման ցուցանիշով Հայաստանը 14-րդ տեղում է։ Այստեղ ընթացակարգը տեւում է 7 օր այն դեպքում, երբ աշխարհում միջինում դրա տեւողությունը 48 օր է։