2016թ. Գերմանիայի ԵԱՀԿ նախագահության ընթացքում Բեռլինը կշարունակի սատարել համանախագահների միջնորդական ջանքերին: Այս մասին, հոկտեմբերի 28-ին, Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեն, ով Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցի շրջանակներում:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Անդրեաս Պեշկեն կարեւորել է վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների իրականացումը:

Հանդիպմանը քննարկվել են հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, երկուստեք ընդգծվեց տարբեր ոլորտներում՝ այդ թվում մշակութային, գիտակրթական, առեւտրատնտեսական, ռազմաքաղաքական համագործակցության, միջխորհրդարանական կապերի եւ կայուն զարգացմանը նպաստող ծրագրերի բարձր մակարդակը:

Կարեն Նազարյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, ներկայացրեց Հայաստանի հետ սահմանին եւ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական կողմից շարունակվող հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների ու իրականացվող վտանգավոր սադրանքների մասին, ընդգծելով, որ Բաքվի ղեկավար պաշտոնյաները չեն դադարեցնում սպառնալիքների ու ատելության քարոզը, ինչը նպաստավոր պայմաններ չի ստեղծում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի համար:

Կողմերը պայմանավորվեցին շարունակել արդյունավետորեն ընթացող քաղաքական երկխոսությունը եւ համագործակցությունը բազմակողմ ձեւաչափերում եւ հարթակներում: