Երրորդ եռամսյակի արդյունքներով Royal Dutch Shell ընկերությունը 7.4 մլրդ դոլարի չափով կորուստ է կրել: Համեմատության համար ասենք, որ մեկ տարի առաջ այդ նույն ժամանակաշրջանում ընկերության եկամուտը 4.5 մլրդ դոլար էր կազմում: Հաշվետու ժամանակում ընկերության շահույթը 70 տոկոսով նվազել է ՝ հասնելով 1.8 մլրդ դոլարի, գրում է The New York Times-ը:

Shell ընկերության կորուստների հիմնական պատճառը Ալյասկայի ու Կանադայի արկտիկական շելֆի նավթագազային հանքավայրերի մշակումից հրաժարվելն է: Այդ տարածքներում կատարված երկրաբանական ուսումնասիրությունների պատճառով ընկերության կրած կորուստները մոտավորապես 7.9 մլրդ դոլար են կազմել, հայտնում է Gazeta-ն:

Shell-ը նաեւ հայտարարել է, որ դադարեցնում է Carmon Creek անվանումով թանկարժեք նավթային նախագծի շինարարությունը Կանադայում՝ Ալբերտի նահանգում:

Նավթարդյունաբերությունը հիմա փորձում է հաղթահարել վերջին տասնյամյակի ամենամեծ խնդիրը: Թե Shell-ը, թե այս ոլորտի մյուս ընկերությունները պետք է ադապտացվեն նավթի ու գազի գների խորը եւ գուցե նաեւ երկարատեւ գնանկմանը, նշում է պարբերականը:

Անցած ամսվա վերջին հայտնի էր դարձել, որ Shell-ը դադարեցնում է Ալյասկայի հանքավայրերի երկրաբանական հետազոտությունը: