Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը հերքում է մամուլի տեղեկությունները, թե իր անունը «ջնջել» են Չինաստան մեկնող պատվիրակության կազմից:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Շուշան Պետրոսյանն ընդգծեց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

«Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այդ կարգի «ինֆորմացիաներ» բազմիցս եղել են: Ես Չինաստան չեմ պատրաստվում գնալ: Ես պիտի վեճի մեջ մտնե՞մ ինչ-որ երկիր մեկնելու համար: Ես նախքան պատգամավոր դառնալն արդեն աշխարհը շրջելու բյուր ճամփորդություններ ունեցել եմ»,- ասաց նա:

Շուշան Պետրոսյանի խոսքով՝ հոդվածի պատվիրատուն, ինչպես մաեստրո Օրբելյանն էր ասում «любитель или любительница зарубежных поездок», է. «Պատվիրատուն ոչ-մի կերպ չի ձերբազատվում երկաթե վարագույրի կարոտախտից։ Ախր, գոնե ձեռագիրը փոխեն, միշտ նույն տերմինները, նույն ձեռագիրը: Սպառված թեմա է, մենակ պատվիրատուն առաջընթաց չի ապրում: Երանի հանդարտվի»:

Հիշեցնենք, որ «Չորրորդ իշխանություն» թերթը հոկտեմբերի 29-ին գրել էր. «Առաջիկայում ԱԺ-ից մեծ պատվիրակություն մոտ 10 օրով մեկնելու է Չինաստան, եւ հիմա ՀՀԿ կանայք պայքարում են այդ պատվիրակության կազմում ընդգրկվելու համար: Մեր աղբյուրի պնդմամբ, սկզբում պատվիրակության կազմում նշված է եղել Շուշան Պետրոսյանի անունը, սակայն գործուղումների սիրահար կանայք, որոնք հովանավորվում են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից, Շուշանի անունը «ջնջել են տվել» եւ ընկերուհիներով տեղավորվել»: