Հայաստանից ԵՏՄ երկրներ արտահանողների համար կհեշտացվի ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի հարկման ռեժիմը։ «Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության երկրներ ապրանքների ներմուծման դեպքերում ակցիզային հարկի հաշվարկման եւ կողմնակի հարկերի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանություն է ստացել հոկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության նիստում։ Եթե հիմա ԵՏՄ ապրանք արտահանողը ԱԱՀ-ից եւ ակցիզից ազատվում է միայն այդ երկրի հարկային մարմիններից փաստաթուղթ ստանալուց հետո, ապա հիմա այդ հարկերի գումարը օրենքով սահմանված կարգով ենթակա է վերադարձի։
Ինչպես նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Արմեն Ալավերդյանը, այդ որոշումն ընդունվում է ԵՏՄ երկրների հարկային ծառայությունների հետ հայ արտահանողների ունեցած խնդիրների պատճառով։ Արդյունքում նրանք 180 օրվա ընթացքում չեն ստանում այդ փաստաթուղթը, ինչը նշանակում է, որ ստիպված են վճարել ԱԱՀ-ն եւ ակցիզային հարկն ամբողջ ծավալով։ Օրինագիծը նախատեսում է նման դեպքերում արտահանողին վերադարձնել ԱԱՀ-ն եւ ակցիզը՝ ազատելով ոչ իր մեղքով առաջ եկած բարդություններից։





























