Ընդդիմությունը ցանկանում է մարդկանց մոտ զզվանք առաջացնել հանրաքվեի նկատմամբ։ Այս մասին հոկտեմբերի 29-ին ՀՀ խորհրդարանում «Նույնականացման քարտերի մասին» օրենքում եւ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը մի քանի ամիս առաջ սկսել է հայտարարել, որ հանրաքվեի արդյունքները կեղծելու են, որովհետեւ իշխանությունները թույլ են տալիս քվեարկել ID-քարտերով։ «Չի կարելի մարդկանց մոլորության մեջ գցել։ Իսկ հիմա պահանջում եք, որ մարդիկ թանաքոտեն մատները, որպեսզի կանխեն կրկնաքվեարկությունը։ Կարելի է լուրջ քննարկել, թե ինչպես է հնարավոր կանխել այդ խախտումը եւ չեզոքացնել ռիսկերը։  Իսկ դուք ի՞նչ եք առաջարկում։ Մատներդ թանաքոտեք, ականջներիդ օղ կախեք, մարմնի այլ մասերի հետ գործողություններ կատարեք։ Ինչի՞  համար է դա։ Որպեսզի մարդիկ զզվա՞նք զգան ցանկացած տիպի քվեարկության նկատմամբ։ Սակայն ձեզ մոտ չի ստացվի։ Մարդիկ լավ են  հասկանում, թե ինչի համար են գալիս ընտրատեղամաս եւ ինչի համար են քվեարկում»,- ասել է Բաղդասարյանը։