Պետությունները չպետք է ղարաբաղյան հարցն օգտագործել տարածաշրջանում՝ հատկապես Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ապակայունացնելու նպատակով Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտնել է Կամբոջայի թագավորության կրթության, երիտասարդության ու սպորտի նախարար Հանգ Չուոն Նարոնը:

Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը Խորհրդային միության փլուզման պատճառներից մեկն է եղել: «Միխայիլ Գորբաչովն այն ժամանակ չէր կարողացել լուծել այդ հարցը: Եթե այդ հարցն այն ժամանակ լուծվեր՝ ապա հիմա իրավիճակը բոլորովին այլ կլիներ: Ես կարծում եմ, որ խաղաղությունը պետք է պահպանել, հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով լուծել: Դա երբեմն շատ դժվար է, բայց պետք է հասկանալ, որ երկու կողմերն էլ պետք է ամեն ինչ անեն հարցը լուծելու համար»,- շեշտել է Հանգ Չուոն Նարոնը: Հակամարտությունը, շարունակում է նախարարը, պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

Այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի միջազգային համայնքի արձագանքը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի վրա ու հայ-ադրբեջանական սահմանին Արդրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներին՝ Հանգ Չուոն Նարոնը նշել է. «Ես կարծում եմ, որ աշխարհում հիմա շատ թեժ կետեր կան: Ամենակարեւորն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անեն ամեն ինչ՝ խաղաղությունը պահպանելու համար ու ձգտեն խնդիրը խաղաղ ճանապարհով լուծել»: