Երեւանի Վարդանանց փողոցում հոկտեմբերի 25-ին վրաերթի ենթարկված ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի Աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը այսօր՝ հոկտեմբերի 29-ին, հիվանդանոցում մահացել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:

Բժիշկի խոսքով՝ վրաերթից տուժած Գայանե Մկրտումյանի վիճակը կայուն է, նկատվում է դրական տեղաշարժ:

Մկրտումյանները գանգուղեղային ծանր վնասվածքներ եւ բազմակի ոսկրային կոտրվածքներ են ստացել:

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ վրաերթի դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, պարզվում են դեպքի հանգամանքները:

Հիշեցնենք, որ Երեւանում հոկտեմբերի 25-ին, ժամը 18:30–ին, 35-ամյա Հայկ Գեւորգյանն իր վարած «Օպել» մակնիշի 34 SZ 789 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ամուսիններ` 38-ամյա Մհեր եւ 36-ամյա Գայանե Մկրտումյաններին: Վրաերթի ենթարկվածները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էին հիվանդանոց:

Դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, հանգամանքները պարզվում են, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Վարորդի եղբայրը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ դեպքը տեղի է ունեցել, երբ տուժածները վազելով հատելիս են եղել փողոցը անթույլատրելի մասից: