Եթե կառավարությունը նախաձեռնություն է ներկայացնում ծխախոտի եւ օղու ակցիզային հարկերը բարձրացնելու վերաբերյալ, թող ներկայացնի ծախսերի մասին հիմնավորումները։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը օրինագծի քննարկման ընթացքում։
Արտերկրում, նման օրինագիծ ներկայացնելով, առաջարկում են նաեւ ստացված գումարներով պայքարել ծխելու եւ ալկոհոլիզմի դեմ, կամ ուսումնասիրել դրանց առաջացրած հիվանդությունները, նշել է Պողոսյանը։
«Իսկ դուք ներկայացնում եք հարկերի բարձրացման օրինագիծ, նշանակում է՝ գների բարձրացման օրինագիծ, 2016թ. բյուջեի նախագծի ֆոնին, որտեղ ոչ սոցիալական ծախսերի աճ կա, ոչ ինդեքսացում»,- նշել է պատգամավորը։
Նշենք, որ եթե այժմ օղու ակցիզը կազմում է 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 500 դրամ 1 լիտրի համար, ապա առաջարկվում է բարձրացնել 55 տոկոս, բայց ոչ պակաս քան 550 դրամ 1 լիտրի համար։ Ծխախոտի ակցիզը բարձրացվելու է 5-ից 5,5 հազար դրամ հազար տուփի համար, առանց ֆիլտրի ծխախոտի համար՝ 1400-ից 1540 դրամ։ Բենզինի ակցիզը բարձրացվելու է 112-ից 120 հազար դրամ մեկ տոննայի համար, դիզվառելիքինը՝ 32,5 հազարից 35 հազար դրամ։ Հեղուկ գազի համար ակցիզ առաջին անգամ է ներդվում 8330 դրամ՝ հազար խմ-ի համար։




























