2015թ. առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանում մահացել է 20 հազար 900 մարդ: Այս մասին  այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը:

 Նա նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի մահացությունների դեպքերը 0,7 տոկոսով նվազել են: Նրա խոսքով՝ մինչեւ 1 տարեկանների մահացության 280 դեպք  է գրանցվել, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,6 տոկոսով:

Մահացությունների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռիում՝ 12,5 տոկոս: Շիրակի մարզում մահացությունների ցուցանիշը 10,9 տոկոս է, Տավուշի մարզում՝ 11,1, Վայոց ձորում՝ 10,7 տոկոս:

«Հայաստանում հիմնականում մահացության պատճառները արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են: Նորագոյացություններից մահվան դեպքերը 1,5 տոկոս են կազմում: Շատ են նաեւ շնչառական օրգանների հիվանդության ու մարսողական օրգանների հիվանդության պատճառով մահվան դեպքերը»,- նշեց Կարինե Կոյումջյանը: