Գերմանիայի նախագահ Յոախիմ Հաուկի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ անորոշ էր եւ խուսանավող։ Այդ մասին հոկտեմբերի 30-ին Երեւանում մամուլի ասուլիսին հայտնել է Հայոց ցեղասպանության Գերմանիայի հանձնախմբի անդամ, Բեռլինի պետական ազատ համալսարանի դոցենտ Ժիրայր Քոչարյանը։
Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը, նրա խոսքով, միակ մարդն էր, ով ուղղակիորեն դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ «Այս տարի Գերկմանիայում այնքան շատ էին Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ կապված տեղեկություններն ու միջոցառումները, որ մենք շատ զարմացանք։ Մենք վստահ էինք, որ Հայոց ցեղասպանությունը պիտի ճանաչվի եւ դատապարտվի, դժբախտաբար, նման բան չեղավ», - նշել է Քոչարյանը։ Հայագետի կարծիքով, ընթացիկ տարում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ամենայն հավանականությամբ չի քննարկվի Գերմանիայի Բունդեսթագում։ «Ձախական կուսակցությունից Բունդեսթագի պատգամավորն ասել է, որ Հայկական հարցը կարող է Բունդեսթագում նորից քննարկման դրվել 2016-ի ապրիլի 24-ին», - հավելել է Ժիրայր Քոչարյանը։
Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը ավելի վաղ հայտնել էր, որ աշնանը Գերմանիայի Բունդեսթագում նախատեսված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման քննարկում եւ ընդունում։ Մինչ այդ, որոշումը բազմիցս հետաձգվել է։





























